Համաշխարհային հայկական կոնգրեսի պատմությունը

\r\n2003 թ.-ի հոկտեմբերին Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում իր աշխատանքները սկսեց Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարը: Համագումարը բավականին ներկայացուցչական էր: Նրա պատգամավորները ներկայացնում էին 138 համայնքային, քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներՙ 52 երկրներից: Համագումարի աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, ՌԴ Պետական Դումայի եւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:\r\n\r\nԱնհրաժեշտ է պատմական փոքրիկ էքսկուրս կատարել դեպի նոր կառույցի ստեղծման գաղափարի խմորման ժամանակաշրջանը եւ ձեր ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, թե ինչ պայմաններում եւ ինչ խնդիրների լուծման ակնկալիքով ստեղծվեց Համաշխարհային հայկական կոնգրեսը:\r\n\r\nՌուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ 2002 թ. հոկտեմբերին Մոսկվայում կազմակերպվեց «Աշխարհի հայերը դարերի սահմանագլխին եւ միջազգային հարաբերությունների արդիական խնդիրները» թեմայով միջազգային կոնֆերանս: Ավելի քան 300 մեր հայրենակիցներ, աշխարհի մի քանի տասնյակ երկրներից երեք օրվա ընթացքում ակտիվորեն քննարկում էին հայության առջեւ կանգնած խնդիրների ողջ տարապատկերը: Մասնակիցները նշում էին, որ յուրաքանչյուր ազգի եւ պետության այսօր աննախադեպ, քան երբեւէ, մտահոգում է այն միտքը, թե ինչպիսի՞ն կլինի Երկիր մոլորակը 21-րդ դարում, հնարավոր կլինի՞ արդյոք խուսափել սոցիալական ցնցումներից եւ բնական աղետներից, ազգամիջյան բախումներից, տնտեսական ճգնաժամերից, ինչ՞ կարող ենք մենք հակադրել սպասվելիք նոր մարտահրավերներին:\r\n\r\nԿոնֆերանսի ընդունված բանաձեւում նշվում է, որ աշխարհում տեղի ունեցող նոր տեղաշարժերը եւ զարգացումները չեն կարող չշոշափել նաեւ Հայաստանի, Արցախի եւ համայն Սփյուռքի կենսական շահերը, եւ հայությունը չի կարող անտարբեր մնալ այդ նոր մարտահրավերների հանդեպ: 21-րդ դարը, առավել եւս փոքրաթիվ ժողովուրդների համար, անհրաժեշտաբար դարձել է նոր պայմաններին հարմարվելու եւ հանուն գոյատեւման համախմբվելու ժամանակաշրջան: Ազգային գոյապահպանությունը, բնականաբար, մեր առջեւ դնում է ճիշտ ռազմավարություն մշակելու պահանջ, ռազմավարություն, որը կօգնի մեզ միավորելու մեր ժողովրդի, նրա յուրաքանչյուր հատվածի ջանքերը կենսագոյության ճանապարհին, հետ կանգնել մեր միասնությունն ու միաբանությունը ջլատող վարք ու բարքերից` հանուն հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման:\r\n\r\nԵվ իրոք, իրաքյան պատերազմի, Եգիպտոսում, Լիվիայում, Սիրիայում եւ արաբական մյուս երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքում, այդ երկրներում բնակվող հայության  համար ստեղծված ծանր վիճակը ցույց տվեց, որ կոնֆերանսի մասնակիցների մտահոգությունները միանգամայն ճիշտ էին: Հայության մի որոշ հատված, իր կամքից անկախ, հայտնվելով ազգամիջյան բախումների կենտրոնում, ստիպված նորից բռնել է արտագաղթի ճանապարհը:\r\n\r\nԵլակետ ունենալով այդ ամենը, կոնֆերանսը որոշեց ստեղծել Համաշխարհային հայկական մի կազմակերպություն, որը պետք է համախմբեր սփյուռքի համայնքների, հասարակական կազմակերպությունների ջանքերն ընդդեմ մեր օրերի մարտահրավերների:\r\n\r\nՈրակապես նոր կազմակերպության ստեղծման գաղափարը խանդավառեց բազմաթիվ համակիրների թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանում եւ Արցախում: Ձեւավորվեց համապատասխան Կազմկոմիտե, որը շուրջ մեկ տարի իր նիստերում քննարկում էր մեր կազմակերպության ստեղծման հետ առնչվող հարցերը, կազմակերպության կանոնադրության տարբերակները:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարը, որպես մեր օրերի մարտահրավերների պատասխան, կանոնադրորեն հռչակեց կազմակերպության գլխավոր նպատակըՙ նպաստել հայ ժողովրդի համախմբման եւ ջանքերի միավորման գործընթացի արագացմանը` հանուն համազգային շահերի պաշտպանության, հայության առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրների լուծման: Որպես համահայկական շահերի իրացման գլխավոր երաշխավոր այսօր հանդես է գալիս առաջին հերթին հայոց պետությունըՙ ի դեմս Հայաստանի Հանրապետության: Եվ միանգամայն օրինաչափ է, որ համազգային առաջնահերթ խնդիրների շարքում համագումարն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովրդի առջեւ ծառացած բացառիկ գերակայություն ունեցող խնդիրը Հայաստանի եւ հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումն է: Այդ ամենի համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել ամուր տնտեսական հիմք, դինամիկ զարգացող էկոնոմիկա: Սակայն Հայաստանը դեռեւս շարունակում էր մնալ տնտեսական բազմաթիվ խնդիրներով  ու դրանցից բխող հետեւանքներով լի երկիր: Համագումարը արձանագրեց, որ այդ խնդիրները լուծելու համար մեծ անելիքներ ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլեւ համայն սփյուռքը:\r\n\r\nԱհա թե ինչու Կոնգրեսն իր գործունեության մեջ առաջին պլան է մղում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գործնական մերձեցումը, մայր հայրենիքի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ կոնկրետ խնդիրների սահմանումն ու դրանց լուծման պայմանների ստեղծումը: Դրա վառ վկայությունն է համագումարից անմիջապես հետո Երեւանում կազմակերպված հայ-ռուսական ներդրումային կոնֆերանսը, որին մասնակցեցին Ռուսաստանից ժամանած մեծ թվով գործարարներ:\r\n\r\nԿոնֆերանսին հաջորդեց Կոնգրեսի կողմից Երեւանում 2004 թ. հոկտեմբերին, Արտաքին տնտեսական կապերի համառուսաստանյան ընկերակցության աջակցությամբ,  հրավիրված Հայկական միջազգային առաջին տնտեսական ֆորումը, որի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի ավելի քան 20 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների  խոշոր, փոքր եւ միջին բիզնեսի շուրջ 400 ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցում էին ՀՀ վարչապետը եւ կառավարության մի շարք անդամներ: Ֆորումը քննարկեց Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում Սփյուռքի ունեցած ներուժի արդյունավետ օգտագործման, համաշխարհային տնտեսության եւ միջազգային բիզնես-կառույցներին Հայաստանի տնտեսության ինտեգրման մեխանիզմների մշակման եւ կոնկրետ բիզնես ծրագրերի ներդրման հետ առնչվող հարցերը: Առանձնահատուկ տեղ հատկացվեց ներդրումային քաղաքականության եւ գործարար ծրագրերի իրագործման համար Հայաստանի օրենսդրական դաշտի վիճակի եւ նրա կատարելագործմանն առնչվող խնդիրներին:\r\n\r\nՖորումը կարեւոր նշանակություն ունեցավՙ որպես հայ գործարարների եւ միջազգային ֆինանսական կառույցների ջանքերի միավորման առաջին քայլ` ուղղված փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսական նախագծերի իրականացմանն Հայաստանում: Ֆորումի ընթացքում քննարկվեցին նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի բիզնես նախագծեր, գործարարների միջեւ կնքվեցին մի շարք պայմանագրեր:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի կառավարության հետ համատեղ 2008 թ. հունվարին կազմակերպեցին հայ-ռուսական տնտեսական երկրորդ ֆորում: Ֆորումը ներկայացուցչական էր, նրա աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների բազմաթիվ անդամներ, գործարարներ, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆորումը նպատակ էր հետապնդում նպաստելու Ռուսաստանի մասնավոր կապիտալի ներդրումային հոսքի ավելացմանը դեպի Հայաստանի տնտեսություն, օժանդակել բիզնես ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը:\r\n\r\nԱկնհայտ է, որ առայսօր բիզնեսի եւ տնտեսական զարգացման ոլորտում Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերությունների կառուցողական պրակտիկան հիմնականում ներկայացված է հայկական գործարարների եւ համայնքների առանձին ներկայացուցիչների ներդրումային, հայրենասիրական եւ բարեգործական անհատական օրինակներով: Որպես դրա ակնառու օրինակներ կարելի է նշել աղետի գոտու վերականգնմանը ցուցաբերած մասնակցությունը, Հայաստանի ավտոճանապարհների վերանորոգումը, Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ռազմավարական, Արցախի Հյուսիս-Հարավ ճանապարհների, Ստեփանակերտի սառնարանային տնտեսության կառուցման, փախստականներին ավելի քան 130 բնակարանների տրամադրման, Եղեգնաձորի մշակութային համալիրի, Հայաստանի եւ Արցախի դպրոցների  համակարգչայնացման լայնամասշտաբ ծրագրի կենսագործման, նոր դպրոցների կառուցման եւ վերանորոգման, առեւտրա-գործարարական կենտրոնների, բարեգործական ճաշարանների բացման փաստերը:\r\n\r\nԱյսօր նպատակահարմար չէ թվարկել այն գործարարների անունները, որոնք  ներդրումներ են կատարել հիշատակված եւ բազմաթիվ այլ ոլորտներում, քանզի մեր հասարակայնությանը քաջ հայտնի են նրանք: Սակայն չեմ կարող չընդգծել, որ այդ օրինակները մի կողմից վկայում են այն հսկայական ներուժի մասին, որն ունի Սփյուռքը, իսկ մյուս կողմից այն մասին, որ դեռեւս բացակայում է Հայաստան-Սփյուռք տնտեսական հարաբերությունների համապատասխան կառուցվածքային համակարգող մեխանիզմը: Ահա թե ինչու Կոնգրեսը ինչպես Միջազգային տնտեսական ֆորումի, այնպես էլ Կոնգրեսի Գլխավոր խորհրդի 2006 թ. մայիսին կայացած նիստի քննարկմանը ներկայացրեց մեր կազմակերպության տնտեսական կառուցվածքի երկու նախագիծ, որոնց ներդրումը նպաստում է այդ խնդրի լուծմանը:\r\n\r\nԻնչպես նշեցինք ի բարօրություն Հայաստանի տնտեսական զարգացման ծավալված գործընթացին դեռեւս մասնակցում են սփյուռքի առանձին անհատներ: Նրանցից ոմանք, իհարկե, մեծ գումարներ են ներդնում: Այսօր խնդիր է, որ մենք` Կոնգրեսի ղեկավարությունը, Գլխավոր Խորհուրդը դեռեւս չենք կարողացել այդ գործում ապահովել համահայկական լիարժեք մասնակցություն: Ես բազմիցս հիշատակել եմ  երջանկահիշատակ Կաթողիկոս Վազգեն I-ի խոսքն համահայկական հիմնադրամ ստեղծելու մասին: Այսօր ավելի քան տեղին է կրկնել այն` «Մեզ համար ավելի կարեւոր է, որ մեկ միլիոն հայ ներդնի մեկական դոլար, քան մեկ հայ մեկ միլիոն»: Այստեղ խոսքը վերաբերում է առաջադրված խնդրո առարկայի նկատմամբ համազգային մոտեցմանը: Եթե սփյուռքաբնակ յուրաքանչյուր 10-րդ հաջողակ գործարար իր բիզնեսն իրականացնի նաեւ Հայաստանում, ապա Հայաստանն առաջիկա տասը տարվա ընթացքում կդառնա տնտեսապես հզոր երկիր, կբարձրանա բնակչության կենսամակարդակը:\r\n\r\nՆման մոտեցման դեպքում մենք կնպաստենք ռազմավարական նշանակություն ունեցող մեկ հարցի լուծմանը եւս: Հայաստանում կստեղծվեն համապատասխան աշխատատեղեր, ինչը հնարավորություն կստեղծի աշխատանք որոնելու նպատակով Հայաստանից հեռացած մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու համար: Եթե այս հարցում, առաջիկա 5-10 տարում, բեկում չկատարվի, ապա մեր հայրենակիցների հայրենադարձության խնդիրը տասնապատիկ անգամ կբարդանա: Դա կապված կլինի արդեն ոչ թե աշխատատեղերի առկայության կամ ֆինանսական միջոցների հետ, այլ արտերկրում աճող մատաղ սերնդի հոգեբանական վիճակի եւ էթնիկ ինքնագիտակցության հետ:\r\n\r\nԱյսօր սա է մեր գլխավոր խնդիրը եւ այս հարցում մեծ անելիքներ ունեն Կոնգրեսի Գլխավոր խորհրդի անդամները: Նրանցից յուրաքանչյուրն իր բնակության երկրում պետք է համապատասխան աշխատանք տանի գործարարների հետ, շարժի ու խթանի նրանց հետաքրքրությունն Հայաստանի եւ Արցախի տնտեսական վերելքի նկատմամբ:\r\n\r\nԱյս խնդիրները մանրամասնորեն քննարկվել են նաեւ Կոնգրեսի ղեկավար մարմնիՙ Գլխավոր խորհրդի 2006 թ. մայիսին Երեւանում կայացած նիստի ժամանակ, որտեղ ամփոփվում  էին հիմնադիր համագումարից հետո կատարված աշխատանքների արդյունքները:\r\n\r\nԳլխավոր խորհրդի նիստում նշվեց, որ այսօր համայն հայության միջավայրում թեւածում է մի կարգախոս` «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է»: Միանգամայն ճիշտ կարգախոս է: Եթե Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ապա Հայաստանի պրոբլեմների լուծմանը մասնակցելը բոլոր հայերի պարտքն է: Ուստի «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանի հոգսերը բոլորինս են» կարգախոսով հայ պետականության վերելքին, նրա ամրապնդմանն ու զարգացմանը ծառայելը պետք է դառնա յուրաքանչյուր հայի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսի, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության գործունեության տնտեսական ուղղվածության հետ սերտորեն  առնչվում է սոցիալական եւ կրթամշակութային ոլորտը: Այդ կազմակերպությունների կողմից իրագործված սոցիալական ուղղվածության ծրագրերից են «Կացարան» եւ «Ջուր գյուղական համայնքներին» ծրագրերը:\r\n\r\nԱռաջին ծրագրի արդյունքում Ադրբեջանից բռնագաղթված փախստականների համար գնվել է երկու շենք 130 բնակարանով, որոնք տրամադրվել են փախստականների եւ աղետի գոտու 130 ընտանիքներին որպես սեփականություն:\r\n\r\nԵրկրորդ ծրագրով Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի գետամերձ հատվածի բնակիչները ապահովվել են խմելու ջրով:\r\n\r\nԱրդեն շուրջ 10 տարի է, ինչ գործում է միայնակ թոշակառուների համար նախատեսված բարեգործական ճաշարանը, որտեղ 300 հոգի ստանում են ամենօրյա անվճար սնունդ:\r\n\r\nԱրցախն իր հիմնախնդիրներով միշտ էլ գտնվել է Կոնգրեսի ուշադրության կենտրոնում: Կոնգրեսը զգալի ներդրումներ է արել Գորիս-Լաչին-Ստեփանակերտ, Արցախի Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհների, Ստեփանակերտի սառնարանային տնտեսության կառուցման գործում: Ներկայումս Ստեփանակերտում ընթանում են 600 աշակերտական տեղով նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները, որի համար առայսօր ներդրվել է ավելի քան երկու միլիոն ԱՄՆ դոլար:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը, արձագանքելով Ռուսաստանի հայերի միության նախաձեռնած «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժմանը, մեծ տեղ է հատկացնում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այդ խնդրի լուծմանը:\r\n\r\nՆերկա դրությամբ Հայաստանի եւ Արցախի ավելի քան 700 դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ուժերով ձեւավորվել են համակարգչային դասարաններ ու լսարաններ: Եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր համակարգչային դասարան հագեցվել է առնվազն 5 համակարգչով եւ տպիչով, իսկ բուհական լսարաններին տրամադրվել է 15-20-ական համակարգիչ, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի հսկայական միջոցներ են տրամադրվել, եւ այսօր էլ տրամադրվում են այդ շարունակական ծրագրի իրականացմանը:\r\n\r\nԿոնգրեսն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հետ միասին համակարգչային ուսուցման կենտրոններ է ստեղծել հանրապետության մարզերում, որտեղ ընդգրկված են հաշմանդամ, ծնողազուրկ եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներ: Այդ նպատակի համար հատկացվել է 400 համակարգիչ:\r\n\r\nԱյդ ոլորտում ուշադրության է արժանացել նաեւ Ազգային բանակը: Հանրապետության զինվորական ստորաբաժանումներին է տրամադրվել 450 համակարգիչ:\r\n\r\nԴպրոցների համակարգչայնացման ծրագիրը դուրս է եկել Հայաստանի եւ Արցախի սահմաններիցՙ ներառելով Սփյուռքի հայկական դպրոցները: Համակարգչային դասարան է բացվել Բրազիլիայի Սան-Պաուլոյի եւ Արգենտինայի Բուենոս-Այրեսի քաղաքների հայկական դպրոցներում:\r\n\r\nԻնչպես վկայում են վերը շարադրված փաստերը, հայկական դպրոցների համակարգչայնացման աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իր մեջ ներառելով նաեւ Սփյուռքը: Մինչդեռ չի խտանում այդ գործընթացի արագացման համար գումարներ ներդնող գործարարների շարքերը: Մեզ դեռեւս չի հաջողվել այդ շարժման մեջ ներգրավել թե’ Հայաստանի եւ թե’ Սփյուռքի գործարարներին:\r\n\r\nՀայաստանի, հայ ժողովրդի նյութական եւ բարոյական բարգավաճման, նոր հարյուրամյակի մարտահրավերներին դիմակայելու համար վճռորոշ նշանակություն ունեն գիտությունն ու մշակույթը: Հայաստանի նման երկրի համար մտավոր սեփականությունը կարող է դառնալ հզորության, հարստության աղբյուր եւ համաշխարհային ճանաչում բերել նրան:\r\n\r\nԱհա այս իրողությունն էլ հաշվի առնելով` Կոնգրեսը ստեղծման իսկ օրից համագործակցել է Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների հետ եւ փորձել օգտագործել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի օժանդակել մեր երկրի գիտական եւ ստեղծագործական մտավորականության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու գործունեության ակտիվացմանը: Այս բնագավառն այնուհետեւ դարձել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից Հայաստանում ծավալած գործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկը:\r\n\r\nԵթե առաջին տարիներին այդ համագործակցությունը ծավալվում էր հիմնականում բարեգործության դաշտում, ապա այսօր այն հետեւողականորեն տեղափոխվել է երկրի մտավոր կյանքի աշխուժացման հարթություն: Սա արդեն զարգացման նոր փուլ է, որ պահանջում է նոր մոտեցումներ, նոր հարաբերություններ:\r\n\r\nԱյդ նոր մոտեցման դրսեւորումն է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ ստեղծված Գիտության զարգացման հիմնադրամը:  Հայաստանի գրողների միության հետ միասին ստեղծվել է Համահայկական գրական հիմնադրամը:  Այդ երկու հիմնադրամներում էլ իր ծանրակշիռ նեդրումն է ունեցել Համաշխարհային հայկական կոնգրեսը:\r\n\r\nԳիտամշակութային-կազմակերպչական աշխատանքի արդյունավետ միջոց է դարձել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից 2007-ից անցկացվող գիտական եւ ստեղծագործական աշխատանքների, արդեն բարի ավանդույթ դարձած, ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ:\r\n\r\nՄրցանակաբաշխության նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:\r\n\r\nՄրցանակաբաշխությունն անց է կացվում ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, ՀՀ  Կրթության եւ գիտության, ՀՀ Մշակույթի նախարարությունների համագործակցությամբ եւ նրանց աջակցությամբ: Մրցույթին մասնակցում են ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի, գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություններն ու երաժշտական ընկերությունը:\r\n\r\nԱյդ մրցանակաբաշխության մասսայականության մասին են վկայում հետեւյալ փաստերը. սկսած 2007 թ. մրցանակաբաշխությանը մասնակցել են մտավորականության շուրջ 1600 ներկայացուցիչներ, դափնեկրի դիպլոմներ եւ դրամական շոշափելի մրցանակներ են ստացել ավելի քան 300 մտավորականներ:\r\n\r\nՀայաստանի, Արցախի եւ Սփյուռքի դպրոցականների եւ ուսանողների միջավայրում մեծ համբավ է վայելում «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» մրցույթը, որը մեկնարկել  է 2005 թ.` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առթիվ: Համահայկական այդ մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի, հայկական Սփյուռքի ուսանողներին ու աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ, նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման, ազգային միասնության ապահովման եւ հայապահպանության գործին: Մրցույթն անց է կացվում ՀՀ Սփյուռքի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունների հետ համատեղ:\r\n\r\nԸնդհանուր առմամբ անցկացված ինը մրցույթին մասնակցել են ավելի քան 6000 երիտասարդ, պատանիներ ու աղջիներ` 17 երկրից:\r\n\r\n2010թ. հունվարին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՀՀ Սփյուռքի նախարարության միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով համահայկական ամենամյա մրցույթ կազմակերպելու եւ անցկացնելու մասին:\r\n\r\nՄրցույթի նպատակն է խրախուսել սփյուռքահայ համայնքներում հայ ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովումը, հավուր պատշաճի գնահատել եւ արժեւորել ռազմավարական այս գործում կազմակերպությունների եւ անհատների ունեցած ներդրումը:\r\n\r\nՄրցույթն անց է կացվում հետեւյալ անվանակարգերումՙ «Հայկական կրթօջախ», «Հայկական լրատվամիջոց», «Մայրենիի պաշտպան»,  «Հայագիտական կենտրոն»:\r\n\r\nԱվանդական է դարձել նաեւ «Լավագույն զինվոր» եւ «Լավագույն սպա» նշանաբանով մրցանակաբաշխությունը, որն անց է կացվում ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ:\r\n\r\nԿոնգրեսը իր գործունեության գլխավոր խնդիներից մեկն է համարել աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, նրա հետեւանքների վերացման գործընթացներին: Ռուսաստանի հայերի միությանը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսին կից Մոսկվայում գործում է Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որը դարձել է Հայոց ցեղասպանության հարցերի ուսումնասիրման մի յուրահատուկ կենտրոն: Կոնգրեսի Գլխավոր խորհուրդն  ինստիտուտի  հետ միասին, 2004թ. մայիսին Երեւանում անցկացրեց «Ցեղասպանության գործոնը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» երկօրյա միջազգային գիտա-գործնական կոնֆերանս` աշխարհի 10 երկրների նշանավոր մասնագետների մասնակցությամբ: Կոնֆերանսը հաստատեց ցեղասպանության խնդիրների վերաբերյալ Համաշխարհային հայկական կոնգրեսի 2004-2010 թվականների գործունեության ծրագիրը եւ մեծ Եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պլանը:\r\n\r\nԿոնֆերանսի գլխավոր արդյունքներից մեկն այն էր, որ ձեւավորվեց Հայոց ցեղասպանության հրատապ հիմնախնդիրներն ուսումնասիրող մշտական գործող փորձագիտական հանձնախումբ, որի կազմում ընդգրկվեցին ոչ միայն հայ, այլեւ տարբեր երկրների հանրաճանաչ եւ այդ բնագավառում համբավ ունեցող մասնագետներ:\r\n\r\nԱյսօր կարելի է վստահորեն ասել, որ այդ հանձնախումբը բարձր պատասխանատվությամբ լուծեց իր առջեւ դրված խնդիրները:\r\n\r\nՀանձնախմբի քննարկման նյութ դարձան ցեղասպանության կնճռոտ բազմաթիվ հարցեր, այդ թվում ՄԱԿ-ի  Միջազգային դատարանի եւ այլ միջազգային դատական մարմինների շրջանակներում Հայոց Ցեղասպանության հիմնահարցի լուծման հնարավորությունների եւ Ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության կազմակերպչական ասպեկտները:\r\n\r\nՓորձագիտական հանձնախումբը, Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի  հետ համատեղ, 2004 թ. սկսեց  հրատարակել «Լրատու» հանդեսը, որի էջերում հիմնականում լուսաբանվում էին հանձնախմբի անդամների կատարած հետազոտական աշխատանքները:\r\n\r\nՀրատարակվել են  տասնյակ գրքեր ցեղասպանությանն առնչվող պրոբլեմների վերաբերյալ: Կոնգրեսի ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է Յուրի Բարսեղովի «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունն եւ միջազգային հանրության պարտավորությունները» եռահատորյակը: Երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) հրատարակվել է «Հիշողություն ընդդեմ մոռացության» նկարազարդ ալբոմը, որն ընթերցողների կողմից արժանացել է բարձր գնահատականի:\r\n\r\nՄոտենում է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը: Կոնգրեսը այդ ուղությամբ մշակել է համապատասխան միւոցառումներ:\r\n\r\nՀամազգային կարեւորության խնդիր է մնում Արցախի հարցը: Այստեղ վճռվում է ոչ թե հայության մի հատվածի, այլ համայն հայության հետագա առաջընթացի եւ զարգացման հարցը: Կոնգրեսը շարունակում է իր պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համարՙ օգտագործելով միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները: Սփյուռքը մեծ ներուժ եւ հնարավորություններ ունի Արցախի հարցի լուծման նկատմամբ արտերկրներում հասարակական կարծիքի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու գործում, որը կարող է հսկայական ազդեցություն թողնել հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցների վրա:\r\n\r\nԿոնգրեսի Գլխավոր խորհուրդն այս ուղղությամբ եւս որոշակի աշխատաքներ է կատարել: Կոնգրեսի ֆինանսական օժանդակությամբ հրատարակվել է Յու. Բարսեղովի «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» երկհատորյակը:\r\n\r\nՄեր համազգային կյանքի օրակարգի կարեւորագույն խնդիրներից մեկն է Հայրենիքի հետ Սփյուռքի կապերի ամրապնդումն ու զարգացումը: Վերջին տարիներին Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները դադարել են բացառապես զգացմունքային-հայրենաբաղձական լինելուց եւ ձեռք են բերել գործընկերության եւ փոխշահավետ համագործակցության բնույթ:\r\n\r\nՀայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք համակողմանի կապերի ձեւավորման գործում մեծ նպաստ է բերում արդեն բարի ավանդույթ դարձած Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերի անցկացումը Հայաստանում եւ Արցախում: Այդ կարեւոր միջոցառման սկիզբը դրվել է Ռուսաստանի հայերի միության կողմից դեռեւս 2000 թվականին, սակայն Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադրումից հետո վերանվանվել է «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում»` ձեռք բերելով նոր շնչառություն եւ նոր իմաստ: Այդ ծրագրին արդեն մասնակցում է ոչ միայն Ռուսաստանի հայկական համայնքը, այլեւ ԱՊՀ երկրների եւ հեռավոր Սփյուռքի, ինչպես նաեւ` տարբեր ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:\r\n\r\nՓորձը ցույց է տալիս, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում վճռորոշ դեր կարող է խաղալ ստեղծագործական մտավորականությունը: Հայաստանում մտավորականության ներկայացուցիչները միավորված են ստեղծագործական միություններում եւ նրանց մեծ մասը Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր անդամն է: Նրանք կարող են եւ պետք է միավորեն, համախմբեն Սփյուռքի մտավորականությանը: Այս առումով դրվատելի եւ ուսանելի փորձ ունի Հայաստանի գրողների միությունը, որի գործունեությունն համահունչ է Կոնգրեսի գործունեությանը: Ահավասիկ` 2002 թվականին պատմության մեջ առաջին անգամ Երեւանում հրավիրվեց գրողների առաջին համազգային համաժողովը, որին մասնակցեց 20 երկրների շուրջ 60 պատվիրակ, երկրորդ համաժողովը` 2004-ինՙ ընդգրկելով նաեւ Արցախը, այնուհետեւ օտարագիր հայ գրողների համաժողովը Երեւանում:\r\n\r\nԿարծում ենք, որ գրողների միության օրինակով նույն բանը կարող են անել նաեւ մյուս ստեղծագործական միությունները:\r\n\r\nՀամաշխարհային հայկական կոնգրեսը կօժանդակի այն ստեղծագործական միություններին, գիտական կազմակերպություններին, որոնք կփորձեն միավորել ու համախմբել իրենց սփյուռքաբնակ գործընկերներին: Դրանք կարող են դառնալ ճյուղային կառույցներ եւ իրենց տեղը գտնել Համաշխարհային հայկական կոնգրեսի կառուցվածքում: Այս խնդիրն օրվա հրամայականներից է եւ պետք է դառնա Կոնգրեսի Գլխավոր Խորհրդի մտահոգության առարկան եւս:\r\n\r\nԿոնգրեսի Գլխավոր խորհուրդը որոշակի աշխատանք է կատարել նաեւ կազմակերպության կանոնադրական պահանջներից մեկիՙ հանուն խաղաղության եւ համամարդկային արժեքների պաշտպանության Կոնգրեսի անդամների ջանքերի միավորման ուղղությամբ: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Հիշատակման է արժանի 2004 թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից Հայաստանում անցկացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջոցառումը, որին մասնակցեցին տասը ազգությունների երիտասարդության ներկայացուցիչներ: Քննարկման թեման էրՙ «Լեզվական եւ ազգային-մշակութային նույնականացման խնդիրները գլոբալացման գործընթացներում»: Այս միջոցառումը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ: Դա պայմանավորված էր երկու կազմակերպությունների համահունչ նպատակներով, հատկապես, խաղաղության եւ համամարդկային արժեքների   պաշտպանության, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության զարգացման համատեքստում:\r\n\r\nԵրկրորդ նշանակալի միջոցառումը Կոնգրեսն անցկացրեց Հայաստանի «Քաղաքակրթությունների երկխոսություն» Ազգային կենտրոնի  հետ համատեղ,  Ռուսաստանի «Ազգային փառքի կենտրոն»-ի աջակցությամբ: 2006 թ. մայիսի 17-18 տեղի ունեցավ «Կովկասն առանց հակամարտության եւ ահաբեկչության. Քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» կոնֆերանսը: Նրա աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Պարսկաստանի եւ եվրոպական մի շարք երկրների փորձագետներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի նպատակն էր Կովկասի ներկա բարդ պրոբլեմների լուծմանը մասնակից դարձնել հասարակության ներկայացուցիչներին, ինչը կնպաստի հակամարտությունները խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծման գործընթացներին:  Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին եւ ընդունեցին «Խաղաղ Կովկասի մասին» հռչակագիրՙ միջպետական հարաբերություններում երկխոսության գաղափարի տարածմանը նպաստելու կոչով:\r\n\r\nՄենք ապագայի կազմակերպություն ենք, իսկ ապագան պատկանում է երիտասարդությանը: Ուստի մենք առանց երիտասարդության հեռու գնալ չենք կարող: Օբյեկտիվ անհրաժեշտություն էր դարձել Կոնգրեսի երիտասարդական թեւի կազմավորման խնդիրը: Կոնգրեսի ղեկավարությունը 2006 թ. օգոստոսին Երեւանում հանդիպեց երիտասարդական մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեցին Կոնգրեսի երիտասարդական թեւի ստեղծման հետ առնչվող խնդիրները: Այդ հանդիպման արդյունքները չուշացան: 2006 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ հայկական երիտասարդական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների ժողով, որտեղ եւ ձեւավորվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ): Այն միավորեց ավելի քան 5000 երիտասարդ ներկայացնող 10 երիտասարդական կազմակերպություններ 5 երկրներից: Ներկայացուցիչների ժողովում ձեւավորվեց նաեւ Ասոցիացիայի խորհուրդը:\r\n\r\nՆերկայումս ՀՀԿ ԵԿԱ միավորում է 17 երիտասարդական կառույց, համագործակցում Սփյուռքում գործող ավելի քան 20 երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների հետ:\r\n\r\nԱսոցիացիան ունի իր գործունեության կանոնակարգը, որում ամրագրված է կազմակերպության նպատակըՙ համախմբել հայ երիտասարդության ազգային շահերի շուրջ, նպաստել  Համաշխարհային հայկական կոնգրեսի նպատակների եւ խնդիրների իրականացման գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ակտիվ մասնակցության ապահովմանը:\r\n\r\nՀՀԿ ԵԿԱ-ն ծավալել է լայնամասշտաբ գործունեություն տարբեր բնագավառներում, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք գործակցության ամրապնդման ու զարգացման, հայոց բանակի հետ երիտասարդության կապերի ամրապնդման, մատաղ սերնդի մասնագիտական կողմնորոշման եւ բազմաթիվ այլ ոլորտներում:\r\n\r\nԱսոցիացիան դարձել է մի շարք կարեւոր նախաձեռնությունների հեղինակ: Այսպես օրինակ, նրա նախաձեռնությամբ 2007 թ. հուլիսին Երեւանում տեղի ունեցավ «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» նշանաբանով համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողով, որի աշխատանքներին մասնակցում էին 25 երկրներից ժամանած ավելի քան 250 երիտասարդ: Համաժողովն ընդունեց Հռչակագիր, որը դարձել է Ասոցիացիայի գործունեության ծրագիրը:\r\n\r\n2010 թ. հունվարին ՀՀԿ ԵԿԱ հրավիրեց երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողով, որում քննարկելով Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի վերաբերյալ միջոցառումների ծրագիրը, մասնակիցներն հանդես եկան հայ երիտասարդությանն ուղղված կոչով` Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակն հավերժացնել Հայաստանի ողջ տարածքում 1,5 մլն ծառ տնկելու նախաձեռնությամբ: «Անմեղ նահատակի հիշատակին» շարժման կոչում նշվում է «Մենք կոչ ենք անում երիտասարդներին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստմանը նվիրված միջոցառումներում զգացմունքային մոտեցումներից տեղափոխվել կառուցողական հարթություն եւ ամբողջ գործընթացը նվիրաբերել Հայաստանի հզորացմանը, հայ պետականության վերելքին ու ամրապնդմանը: Մենք հայոց վիշտը պիտի հիշենք ապրելու, կառուցելու եւ մեր երկիրը շենացնելու համար: Սա պետք է դառնա հայ երիտասարդության նշանաբանը` մեր անմեղ նահատակների հիշատակի հավերժացման գործում»: Այս կոչը մեծ արձագանք ստացավ երկրում: Նախաձեռնությանը միացել են մի շարք կրթօջախներ, Ազգային բանակի զորամասեր, հասարակական կազմակերպություններ, տարբեր քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւեր, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրող բազմաթիվ հայեր:\r\n\r\nԿարելի է շարունակել մեր կազմակերպության կողմից Հայաստանում եւ Արցախում իրագործած ծրագրերի թվարկումը, նկարագրել տարբեր ոլորտներում կազմակերպության ծավալած լայնամասշտաբ գործունեությունը: Սակայն դրա անհրաժեշտությունը կարծում ենք չկա: Բայց անվերապահորեն պետք է ընդգծենք, որ Հայաստանում ծավալած մեր գործունեության հաջողությունը, առաջին հերթին, պայմանավորված է երկրում մեր գործունեության համար ստեղծված բարենպաստ պայմաններից: Մենք համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության մյուս մարմինների հետ: Հատկապես պետք է շեշտել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հետ մեր արդյունավետ ու համակարգված աշխատանքը:\r\n\r\nՀամագործակցության լայն դաշտ է ստեղծվել նաեւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, Կրթության եւ գիտության, Մշակույթի, Արտաքին գործերի նախարարությունների եւ բազմթիվ այլ կառույցների հետ: