ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

Համաշխարհային հայկական կոնգրեսը հայկական հասարակական միավորումների միջազգային միություն  է, որը միավորում է ավելի քան 30 կազմակերպություններ աշխարհի 15 երկրներից:

Կազմակերպությունը ստեղծվել է 2003թ. Մոսկվայում “Ռուսաստանի հայերի միություն” համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով:

2012թ. հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ հերթական Համագումարը, որի որոշման հիման վրա կազմակերպությունը 2013թ. մարտի 11-ին որպես իրավաբանական անձանց միջազգային միություն վերագրանցվեց Հայաստանի Հանրապետությունում

Որպես իր գործունեության առանցքային նպատակ Համաշխարհային հայկական կոնգրեսն ամրագրել է հայապահպանությունը և համազգային խնդիրների շուրջ աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովումը: Կազմակերպության խնդիրն է աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հսկայական ներուժի, հնարավորությունների և ջանքերի մեկտեղումը` ի բարօրություն մեր Հայրենիքի ու ժողովրդի:

Այդ խնդրի նպատակային և արդյունավետ լուծման համար առանձնացված են կազմակերպության գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները /ոլորտները/` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում, հայապահպանություն /հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանում/, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հզորացման ծրագրեր: Կոնգրեսն իրականացնում է շարունակական ծրագրեր սփյուռքահայ երիտասարդների ներգրավմամբ:

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահն է Արա Աբրահամյանը: